Կայացավ ԶԼՄ-ների միջեւ շախմատի 2-րդ առաջնությունը
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև երկրորդ շախմատային առաջնությունը: Երկրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6.5 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր դարձյալ «Գոլոս Արմենիի» թերթի ներկայացուցիչը` Ռուբեն Մարգարյանը, իսկ երրորդը` «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
Մրցաշարին մասնակցում էին 24 լրագրող տարբեր լրատվամիջոցներից և այն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:
Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը, ինչը, ակընհայտ, հաջողվեց: Անցած տարվա համեմատ ԶԼՄ-ների շախմատի մրցաշարի մասնակիցների թիվը կրկնապատկվել է` եթե 2015 թվականին էր 12, ապա այս տարի արդեն` 24 հոգի:
Մրցաշարի ավարտին մրցանակներ հանձնեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Վիվառո» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Տիգրան Ավետիսյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը:
1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով և գումարային մրցանակներով, իսկ 4-5 տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան նվերներ: Մրցանակների արժանանան նաև 3 անվանակարգով աչքի ընկած մասնակիցները` ամենաարագ հաղթանակի համար` «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ամենագեղեցիկ պարտիայի համար` մրցաշարի միակ կին-մասնակիցը vivaronews.am կայքի աշխատակից Անի Հակոբյանը և կամքի ուժ դրսևորելու համար` «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Բաղդասար Մհերյանը:
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորներն էին` «Վիվառո» (գլխավոր հովանավոր) ընկերությունը, Հայաստանի Շախմատի Ակադեմիան, «Մեգա Սպորտ» խանութը և «Սիլ Մաազա» ընկերությունը: