211652_close_icon
views-count5901 դիտում article-date 12:29 31-10-2016

ՀՀ վարչապետի ելույթը՝ «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ Այսօրվանից մեկնարկում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կարծում եմ, որ արդյունավետ քննարկումների արդյունքում գալիք տարվա համար հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային և օպտիմալ ծրագիր: Ֆինանսների նախարարը և գերատեսչությունների պատասխանատուները ձեզ կներկայացնեն նախագծի յուրաքանչյուր տարրի մանրամասները: Այդուհանդերձ, կցանկանայի մի քանի կարևոր հանգամանք նշել. Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը: 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը: Նշեմ, որ բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները: 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար: Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»: Կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ՀՀ 2017 թ. պետական բյուջեն. հիմքում դրվել են 2016 թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք՝ 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:

Նմանատիպ նյութեր