211652_close_icon
views-count2369 դիտում article-date 15:03 15-11-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Իր բացման խոսքում նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների կատարման համար, որպեսզի շաբաթական կտրվածքով նախանշված միջոցառումների մասով արձանագրվեն արդյունքներ: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքը, բարձրաձայնել խնդիրները: Մասնավորապես նշվել է, որ մշակման փուլում են և նոյեմբերի վերջին պատրաստ կլինեն սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման, անտառային ոլորտի բարեփոխումների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգերի նախագծերը: Արդեն իսկ ներկայացվել է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման մեխանիզմների կիրառման ծրագրի նախագիծը: 2017 թվականից սկսած սպանդանոցային մորթի անցման հետ կապված նախարարը կարևորել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը և իրազեկման լայնածավալ միջոցառումների իրականացումը: Նախարարին զեկուցվել է, որ պատրաստ է տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենեֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը կներկայացվի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ քննարկումներից հետո: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացման հարցը, և հանձնարարվել է այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան ծրագիր: Անդրադառնալով սուբսիդավորման ծրագրերին` նախարարը հանձնարարել է քննարկել և հստակ դիրքորոշում ներկայացնել սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործման մասով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում կոնկրետացնելով սուբսիդավորման ուղղությունները և թիրախային խմբերը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը կարևորել է նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքումը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր