211652_close_icon
views-count5347 դիտում article-date 21:20 19-11-2016

Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղավարությունը» ժողովածուի առաջին հատորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղավարությունը» ժողովածուի առաջին հատորը: Ժողովածուի ներկա աշխարհաբար թարգմանությունն իրականացվել է միայն ժողովածուի՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին ըստ կրկին թարգմանութեան նախնեաց»-ի (Վենետիկ, 1855) կորիզը կազմող «Բանք եւ պատմութիւնք հարանց» հատվածի համար: Թարգմանությունը կատարվել է Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, Սիրանուշ (Նանա) Գրիգորյանի և Վաղարշակ Թանգամյանի կողմից: 19 գլուխներում ամփոփված վանական-անապատական բարոյախոսությունը յուրահատուկ թեմատիկ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր փափագում են անապատական հայրերի հոգևոր փորձառությանը ծանոթանալու և դրանք առօրյա կյանքում իբրև լուսաբանող օրինակներ ունենալու: Յուրաքանչյուր գլխում կատարվել են համապատասխան պարբերությունների թվաբաժանումներ՝ ընթերցանությունն ավելի դյուրացնելու համար: Թարգմանվել են թե առաջին, թե երկրորդ թարգմանության բնագրերը, ինչպես նաև՝ երկրորդ թարգմանության «մնացորդք»-ը՝ իբրև «Պահպանված հատվածներ երկրորդ թարգմանությունից»: Թարգմանիչների բուն նպատակն է եղել ընթերցողին հասանելի դարձնել գրաբար թարգմանությամբ մեզ հասած այս ժողովածուի բոլոր հատվածները: Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: Հրատարակչական բաժնի կողմից հրատարակվել է նաև 2017 թվականի սեղանի օրացույցը: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների և սրբոց հիշատակության օրերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր