211652_close_icon
views-count8829 դիտում article-date 20:14 21-11-2016

Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ ապամոնտաժվել են Շենգավիթ վարչական շրջանում արձանագրված 5 ապօրինի շինությունները, իսկ վարչական շրջանի համապատասխան բաժնի պատասխանատուն հեռացվել է աշխատանքից: Հանձնարարվել է շարունակել հետևողական հսկողությունը ինչպես դեպքերի կանխարգելման, այնպես էլ վերահսկողությունն իրականացնող պատասխանատու անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու ուղղությամբ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ համատեղ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 37 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք: Անդրադառնալով վերոնշյալ երևույթին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու արձանագրված բոլոր դեպքերը փոխանցել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: «Անընդունելի այս երևույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երևան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաև ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր