5863 դիտում
16:00 22-11-2016
2014 թվականից գործում է «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը․ հետաքրքիր փաստեր
Մելիք Եգանի պալատական համալիրի սրբատաշ քարերով շարված կամարակապ շքամուտքը տանում է բակի խորքում տեղադրված ուղղանկյուն հատակագծով բնակելի մեծ հյուրասենյակ, որն ունի քանդակազարդ բուխարի, փոքր պատուհաններ, երկայնական պատի մեջ փորված կամարաձև լայն խորշեր` բակահայաց պատուհաններ և այլ մանրամասներ: Տնտեսական հարկաբաժնի առկայությունն են հաստատում հյուրասենյակից առանձնացած ուղղանկյուն հատակագծով թաղակիր սենյակները` ճարտարապետական մանրամասներով, թոնիրներով, կարասներով:
Մելիք Եգանի պալատական համալիրի պահպանված փոքր մասը վերակառուցումների հետևանքով կորցրել է իր նախնական տեսքը, սակայն շինության պատերին պահպանված (Եգանի որդի բարուն Արամ` 1737 թվական և Արամ բեկ Մելիք Եգան` 1904 թվական) արձանագրությունները հաստատում են, որ շուրջ 200 տարի ապարանքը պատկանել է մելիքական տոհմի ներկայացուցիչներին, որոնք հերոսաբար շարունակել են պայքարել հայրենիքի ազատության համար: Ապարանքում հատուկ տեղ է զբաղեցնում դրա ընդունարանը:
Այն իր տեսակով խիստ յուրահատուկ է, թեպետև որոշակի ընդհանրություններ ունի Քաշաթաղի և Խնածախի ընդունարանների հետ: Ընդունարանից ոչ հեռու գտնվող հողակույտերի միջից հայտնաբերվել է մի քառանկյուն դահլիճ` գլխատուն: Այն ունի մուտք, կրաքարե սալերից մշակված խարիսխներ, օջախ և հարավ-արևմտյան պատի կենտրոնում պահպանված բուխարիի հետքեր: Նույն դարաշրջանում և հետագայում տեղի է ունենում բնակելի տների ձևափոխություն, որը հստակ երևում է ապարանքից հարավ բացված աշխարհիկ համակառույցում:
Այն թաղածածկ տանիքով ուղղանկյուն սրահ է, որն իր վրա է կրել տարբեր ժամանակների շինարարական նոր լուծումների հետքեր: Բնակարանում առաջնային տեղ է հատկացված կամարաձև պսակով պահարանախորշերին, բուխարուն և հատակագծային նոր լուծումներով տեղադրված դուռ-պատուհաններին: Նման կառույցների առկայությունը թելադրված է եղել սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխություններով: Մեծ ընտանիքները տրոհվել են և կենցաղավարման նոր փուլերում տեղափոխվել են բնակության նոր միջավայր:
Ապարանքի դարպասը նույնպես եզակի է իր պահպանվածությամբ և ընդունարանի հետ կարևոր դեր ունի մելիքական ապարանքների ընդհանրական կերպարի վերհանման գործում: Երկհարկանի պալատը՝ ճարտարապետական հետաքրքիր համալիր է, որը ներառում է բնակելի ու տնտեսական տարածքներ և Մելիք - Եգանի ընդունարանը։
2009 թվականից ապարանքը գտնվում է վերականգման փուլում, իսկ արդեն 2014 թվականի հուլիսի 1-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ սկսեց գործել «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը: Այն հանդիսանում է մի յուրօրինակ թանգարան, որն իր բացման առաջին իսկ տարուց միացավ «Թանգարանային գիշեր» ակցիային: Ինչպես նաև արդեն 3-րդ անգամ այնտեղ անց է կացվում Արցախյան գինու փառատոնը:
Նմանատիպ նյութեր
18962 դիտում
21:51 07-09-2017
Արցախում դարեր ի վեր ապրել ու ղեկավարել են հայերը. Տողի մելիքական ապարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15733 դիտում
11:45 14-07-2018
Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»