211652_close_icon
views-count3385 դիտում article-date 12:44 30-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը իրանական պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և լիահույս է, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Պրոֆեսոր Սայեդ Սարքարին, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները և գործունեության շրջանակներն, ընդգծեց, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել։ Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշեց, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, և առաջարկեց, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։ Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծեց այս ոլորտում համատեղ ծրագրերի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի և տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր