211652_close_icon
views-count1128 դիտում article-date 19:06 30-11-2016

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Լատվիայի Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերը հանձնելու նպատակով կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ ք. Վիլնյուս) նոյեմբերի 28-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Պետքարտուղար Պիլդեգովիչը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով նաև վերջինիս՝ Արևելյան գործընկերության ձևաչափում ներգրավվածությունը: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանը ընդգծել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը: Հայաստանի դեսպանը Լատվիայի պետքարտուղարին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը՝ ըդնգծելով, որ Բաքուն, հետ է կանգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից նախաձեռնած Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք ուղղված են բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմաններ ստեղծելուն: Պետքարտուղար Պիլդեգովիչը վերահաստատել է Լատվիայի դիրքորոշումը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկիս Մուժնիկսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցները ընդգծել են համապատասխան մակարդակով փոխացելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախաձեռնել համապատասխան քայլեր: Զրուցակիցները կարևորել են նաև Լատվիայի համալսարանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիայի միջև համագործակցությունը: Նույն օրը դեսպան Մկրտչյանը այցելել է Լատվիայի համալսարանի գրադարան, որտեղ կայացած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայաստանյան մի շարք մշակութային միջոցառումներ իրականացնելու շուրջ: Դեսպանը համալսարանի գրադարանին է նվիրել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին առնչվող գրականություն: Նոյեմբերի 29-ին դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեի հետ: Հանդիպան ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկել օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել զարգացնելու քայլերը: Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակին է ներկայացրել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ոլորտներ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են տնտեսական ու մշակութային ոլորտներում ուրվագծված ծրագրերին: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին՝ կողմերն ընդգծել են ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը: Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին՝ Լատվիայի փոխխոսնակը վերահաստատել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելուն ուղղված՝ Լատվիայի սկզբունքային դիրքորոշումը: Նույն օրը դեսպան Մկրտչյանը պաշտպանական ոլորտում հայ-լատվիական համագործակցությունը քննարկել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Բերգմանիսի հետ հանդիպմանը: Կողմերն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությանը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև փախստականների խնդիրը: Հայաստանի դեսպանը Լատվիայի պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ սիրիահայ գաղթականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափն այլ հարթակներ տեղափոխելու՝ Ադրբաջանի փորձերին: Նախարար Բերգմանիսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Լատվիայի դրքորոշումը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը: Նույն օրը դեսպան Մկրտչյանը այցելել է Լատվիայի համալսարան և Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկել համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում:

Նմանատիպ նյութեր