1945 դիտում
13:36 01-12-2016
Երևանում բացվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը
Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Իր բացման խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում:
Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել են հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների այս կարևոր բաղադրիչը` համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, ավանդական դարձած ապակենտրոնացված համագործակցության այս համաժողովը. ոչ այնքան այն պատճառով, որ եղել եմ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի ակունքներում, երբ 2006թ. Հայաստանից Ֆրանսիա մեկնեց տարբեր մարզերի և քաղաքների ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան հարյուր հոգանոց պատվիրակություն` Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, այլ նրա համար, որ տեղական ինքնակառավարման օղակները, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած իշխանության կրողներ, լավագույնս են նպաստում երկրների միջև բարեկամության խորացմանը:
Տիկնայք և պարոնայք,
Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով:
Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը տարբեր ուղղություններով վերջին տարիներին անշեղորեն զարգացել և ամրապնդվել է՝ նշանավորվելով միջխորհրդարանական կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի շարունակական խորացմամբ: Զուգահեռ վերընթաց զարգացում է ապրել նաև մեր երկրների միջև դեռ հիսուն տարի առաջ սկիզբ առած և Հայաստանի անկախությունից ի վեր նոր թափ ստացած ապակենտրոնացված համագործակցությունը։
Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից:
Ես կցանակնայի կարևորել նաև այս համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում։ Այդ ձևաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և կառավարությունները որոշում ընդունեցին կազմակերպության հաջորդ գագաթաժողովը 2018թ. անցկացնել Հայաստանում։
Հարգելի բարեկամներ,
Ինձ մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում:
Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ:
Կրկին ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ Ձեր նոր նախաձեռնություններում»:
ՏԵՂԵԿԱՆՔ. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006թ. Փարիզում, երկրորդը` 2010թ. Երևանում, իսկ երրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
22:00 02-12-2016
Կայացել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը
2940 դիտում
14:50 01-12-2016
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված չորրորդ համաժողովի բացմանը
Այս բաժնից
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»