211652_close_icon
views-count5146 դիտում article-date 22:26 02-12-2016

Խորվաթիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի նախագահ տիկին Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին

Դեկտեմբերի 1-ին համատեղության կարգով Խորվաթիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ տիկին Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության գլխավոր քարտուղար տիկին Զդրավկա Բուշիչի, քաղաքական դեպարտամենտի ղեկավար պարոն Գորդան Բակոտայի և ռազմավարական ու անվտանգության խնդիրների դեպարտամենտի ղեկավար պարոն Սինիշա Յուրիչի հետ և քննարկեց հայ-խորվաթական օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու, տնտեսական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցությունը խթանելու հեռանկարները: Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կառույցներում՝ ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի մարմիններում, փոխգործակցության սերտացման հնարավորություններին: Զագրեբում դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ նաև Խորվաթիայում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Վեդրան Բուրատովիչի ու խորվաթահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր