Հենրիխ Մխիթարյան. Շատ հաճելի է Օդեսա վերադառնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյայի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Օդեսայում:
«Ինձ միշտ հաճելի է Ուկրաինա վերադառնալ, քանի որ ես այստեղ անցկացրած ժամանակի վերաբերյալ հրաշալի հիշողություններ ունեմ: Վերջին անգամ, երբ ես Օդեսայում էի խաղում, ես իմ վերջին հեթ-տրիկը խփեցի «Շախտյորի» կազմում: Դրա համար շագտ հաճելի է վերադառնալ Օդեսա:
ԱՊԼ-ում մենք շարունակելու ենք պայքարել և չենք պատրաստվում զենքերը վայր դնել: Մեր նպատակն է այժմ լավագույն քառյակում հայտնվել:
Ես գոհ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» սկսել եմ ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: Նախկինում ես որոշակի խնդիրներ ունեի, սակայն այժմ ամեն ինչ լավ է: Կարծում եմ, որ ես բարելավել եմ իմ խաղային հատկանիշները և կարող եմ օգտակար լինել թիմին», ասել է Մխիթարյանը:
Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:00-ին: