211652_close_icon
views-count2573 դիտում article-date 18:00 15-12-2016

Հանրակրթական հաստատություններում բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլերի պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: Գործադիրի ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է պետական ընկերությունների հաշվետվությունների, պլանային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: Ի պատասխան Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են: «2015թ. ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն կառավարության որոշման համաձայն՝ 2016 թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված ամբողջ տարին ամփոփելու համար: Այս գործընթացը հստակ կարող ենք սկսել, որովհետև, ըստ էության, 2015 թ. ցուցանիշները կան: Այդ ցուցանիշների հիման վրա մենք կարող ենք քննարկումներն սկսել»,-ասել է Պետգույքի կառավարման վարչության պետը: Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կրթության ոլորտին: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը և երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները. «Արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով»:

Նմանատիպ նյութեր