211652_close_icon
views-count2850 դիտում article-date 15:19 20-12-2016

Ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ ներդրողների համար և որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Financial Times–ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը [url=http://www.fdiintelligence.com/Locations/Europe/Armenia/Armenia-PM-targets-public-friendly-reform]Financial Times[/url]-ի FDI MAGAZINE պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իր գլխավորած կառավարությունը ցանկանում է ստեղծարար և ձեռներեց մտքի տեր մարդկանց համար գրավիչ միջավայր ձևավորել: Վարչապետը վճռական է անելու հնրավորը, որպեսզի հասարակությունը անմասն չմնա առաջիկա փոփոխություններին: Հարցազրույցի թարգմանությունը՝ ստորև. [b]-Որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնց մտադիր եք անդրադառնալ՝ որպես վարչապետ:[/b] - Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որ հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ժողովուրդը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին: [b]- Տնտեսական ի՞նչ նախաձեռնություններ կամ ծրագրեր ունեք:[/b] - Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Կառավարության ծրագիրը, որտեղ ընդգծել ենք, թե ինչ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել մի քանի հիմնական թեմաներ: Առաջինը. անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ: Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով: Պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ-ներին և այլն: Երրորդը. ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը: Ամփոփելով կարող եմ նշել, որ ստեղծելու ենք առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով մեր ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը: [b]- Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Ձեր տնտեսական ծրագրերում, և նախատեսու՞մ եք արդյոք մասնավորեցնել որևէ ձեռնարկություններ:[/b] - Օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից: Այդպիսով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, ինչը բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է: Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսին են անվտանգությունը և պաշտպանությունը, կա´մ մասնավորեցնել, կա´մ հանձնել մասնավոր կառավարման: Կարծում եմ, որ մեր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Մեր գյուղատնտեսության, ոսկերչության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն: [b]- Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը խրթին է: Ինչպե՞ս եք վարվում այդ նուրբ իրավիճակում, և ինչպե՞ս կարող եք ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը:[/b] -Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար: Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ժողովրդի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը: [b]- Ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն:[/b] -Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին: Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6.000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը:

Նմանատիպ նյութեր