2041 դիտում
19:25 17-01-2017
Հանրային Խորհրդում քննարկել են բլոգեր Լապշինի ձերբակալությունն ու նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնումը
Հանրային խորհուրդը բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հարցով նամակ է պատրաստել Բելառուսի նախագահին:
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով:
Այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայն քննարկում, որին մասնակցել են նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը: Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն:
Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
*****
Բելառուսի Հանրապետության Նախագահ
Ալեքսանդր Լուկաշենկոյին
Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմում է Ձեզ հայտնի բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի կապակցությամբ:
Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այն տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի խաղաղ կարգավորման ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում միջազգային հանրության կողմից: Դրան զուգահեռ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ, պետական ու քաղաքական գործիչներ այցելում են Երևան, Ստեփանակերտ և Բաքու` փորձելով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակը: Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցը խիստ մտահոգիչ է հատկապես այդ տեսանկյունից:
Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանը 180 լրագրողների հայտարարել է «personae non grata», իսկ Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2016 թ. դեկտեմբերի 7-ին թարմացված «սև ցուցակում» արդեն իսկ ընդգրկվել է 623 անձ՝ ներառյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն և օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, վկայում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ այդ ցուցակում ներառված է նաև Բելառուսի հինգ քաղաքացի:
Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:
Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի:
Հայաստանի Հանրապետության
Հանրային խորհուրդ
17.01.2017 թ
Նմանատիպ նյութեր
3988 դիտում
16:44 10-02-2017
EOI-ի արձագանքը. Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման ենթարկվելու իրական հնարավորության պատճառով
9644 դիտում
15:14 20-07-2017
Պեսկովը հրաժարվել է պատասխանել Ադրբեջանից բլոգեր Լապշինի հնարավոր արտահանձնման մասին հարցին
4372 դիտում
10:42 21-01-2017
Լապշինի արտահանձնումը հումանիտար, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ կունենա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն