211652_close_icon
views-count2945 դիտում article-date 19:18 20-01-2017

Պետական գույքի կառավարման իրավապայմանագրային դաշտը պարտավորությունների կատարման երաշխավորն է

Վերջին տարիների հետևողական աշխատանքը Պետական գույքի կառավարման վարչությունում ստեղծել է արդյունավետության ու կանխատեսելիության բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս պետական գույքն ավելի պաշտպանված դարձնել, կառավարումն՝ ավելի ճկուն: Իրավիճակը դիտարկենք՝ վարչության իրավաբանական ծառայության վերջին տարիների գործունեության արդյունքով. ի դեպ, հենց այս ստորաբաժանումից է կառույցի բարեփոխումները սկսել ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, խիստ հսկողության տակ առնելով իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու հստակեցման աշխատանքները: 2011 թվականի դրությամբ իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում 300-ից ավելի խնդրահարույց գործ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում շատ կարճ ժամկետում առանձնացվել են երևույթի և դրա բացասական հետևանքների առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ակնհայտ էր, որ առաջնային խնդիրը իրավական դաշտի կարգավորումը պետք է լիներ: Վարչության մասնագետների կողմից վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվել կնքվող պայմանագրերի որակի կատարելագործման, ինչպես նաև պայմանագրերի հիմքով իրականացվող պատշաճ վերահսկողության ապահովման և հնարավոր խախտումների դեպքում՝ պատշաճ դատավարական պաշտպանության ուղղությամբ: Ձեռնարկված քայլերի, կատարված աշխատանքների ու բարեփոխումների արդյունքում ներկայումս Վարչության կողմից կնքվող պայմանագրերը լիարժեք համապատասխանեցված են գործող օրենսդրության պահանջներին, հստակեցված են պայմանագրային կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված են յուրաքանչյուր չկատարած պարտավորության համար պատասխանատվության համապատասխան միջոցներ, ամրագրված է երաշխիքային և երաշխավորության ինստիտուտը, մասնավորապես՝ գրավի ինստիտուտը, իրականացվում է պատշաճ վարչարարություն: 2013-2015 թվականների հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 122180 406 ՀՀ դրամ գումար: Իսկ արդեն 2016 թվականին հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 19 289 165 ՀՀ դրամ, որից մասնավորեցման գործերով՝ 15 907 504, վարձակալական գործերով՝ 3 381 661ՀՀ դրամ գումար: Ստորաբաժանման վարույթում գտնվող գործերի քանակը տարվա ընթացքում 114 էր, որից 81 գործ՝ գումարային, 33-ը՝ այլպահանջներով: ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում 54 գործով դատական գորրծընթացներ են իրականացվում. վարչությունը հանդես է գալիս ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմ: Վարչության օգտին բավարարված հայցերով 41 գործ հարկադիր կատարման փուլում է: Վարչությունը սնանկության 19 գործով հանդես է գալիս որպես պարտատեր: Պետական բյուջեի նկատմամբ տարիների ընթացքում կուտակված պարտքերով խնդրահարույց գործերի գերակշիռ մասը գոյացել է մինչև 2011 թվականը հարուցված հայցերով: Դրանք այսօր գտնվում են ինչպես սնանկության, այնպես էլ ԴԱՀԿ վարույթում, հետախուզման հիմքով կատարողական վարույթներն ավարտվել են: Վարչությունը պարբերաբար եղեկատվություն է պահանջում համապատասխան մարմիններից և պատշաճ հսկողություն իրականացնում: Վարչության կողմից հարուցված հայցերը, շնորհիվ հետևողական աշխատանքի և իրավապայմանագրային ոլորտում վերջին տարիներին իրականացված լուրջ բարեփոխումների, հիմնականում բավարարվում են և օրինական ուժի մեջ մտնում:

Նմանատիպ նյութեր