211652_close_icon
views-count6753 դիտում article-date 20:38 04-02-2017

2019 թ.-ին Հայաստանի Մայր բուհը մեծ շուքով կտոնի իր 100-ամյա հոբելյանը

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է Մայր բուհի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով, որի կազմում ներառվել են բուհի տարբեր ֆակուլտետների և ստորաբաժանումների ղեկավարներ, ԵՊՀ շրջանավարտներ: Հանձնաժողովը նախագահում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Միջոցառումների սկիզբը կազդարարվի Գյումրիում, որտեղ էլ մեծ շուքով տեղի է ունեցել Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկված են գիտաժողովներ, հանդիպումներ, այցելություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ֆլեշ-մոբեր, գրքերի հրատարակումներ, մշակութային ու մարզական, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող մի շարք միջոցառումներ: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում և Արցախում: «Հիմնական շեշտադրումը լինելու է հանրային միջոցառումների վրա: Մայր բուհը հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դերակատարում ունի, ուստի մեր նպատակն է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները համազգային տոն դարձնել՝ դրան մասնակից դարձնելով և՛ նախկին, և՛ ներկայիս աշխատակիցներին, դասախոսներին, ուսանողներին ու շրջանավարտներին»,- ասում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ միջոցառումների շրջանակում ժամանակակից լուծումներով կբարեկարգվի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակը և հարակից այգին: Կարեն Գրիգորյանը նշեց նաև, որ առաջին անգամ մեկ գրքում կամփոփվի Երևանի պետական համալսարանի 100-ամյա պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ներկա ժամանակները: Պետհամալսարանի պատմական ուղին և զարգացման հեռանկարները հանրությանը կներկայացվի նաև վիրտուալ ու մեդիա տարածքում, մասնավորապես կմշակվի հոբելյանական միջոցառումներն ու ծրագիրը ներկայացնող «ԵՊՀ-100» կայքը, կվերաթողարկվի անվանի համալսարանականների կայքը, կստեղծվի ԵՊՀ բակի, կենտրոնական մասնաշենքի, ֆակուլտետային մասնաշենքերի և Պատմության թանգարանի վիրտուալ տարբերակները, կնկարահանվեն փաստավավերագրական ֆիլմեր, սոցիալական գովազդներ: ԵՊՀ-ի խորհրդանշմանը նվիրված միջոցառումների շրջանակում էլ կստեղծվեն 100-ամյա հոբելյանական մեդալներ, նամականիշներ, հուշամեդալներ, կթողարկվի «ԵՊՀ-100» փորագրությամբ հոբելյանական մետաղադրամներ, աշխատանքներ կտարվեն ԵՊՀ օրհներգի ձայնագրման, անվանի համալսարանականների անուններով փողոցների անվանակոչման և համալսարանի տարբերանշանի վերաձևավորման ուղղությամբ: «Երևանի համալսարան» թերթում կստեղծվի նաև 100-ամյակին նվիրված խորագիր, որտեղ պարբերաբար անդրադարձ կկատարվի բուհի պատմությանն ու հոբելյանական միջոցառումներին: Հավելենք, որ միջոցառումների մեկնարկը կտրվի 2018 թ.-ին:

Նմանատիպ նյութեր