211652_close_icon
views-count3747 դիտում article-date 16:37 08-02-2017

Լապշինի արտահանձնման փաստը չի կարող ազդեցություն ունենալ Արցախ հետագա այցելությունների համար. Եվրախորհրդարանի պատգամավոր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաև Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն և դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ, Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա այցելությունների համար: Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ: Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին: Արման Թաթոյանն կարևորել է պատգամավորի դիրքորոշումը և ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը: Այս առումով, կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբեյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին, առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:

Նմանատիպ նյութեր