211652_close_icon
views-count4803 դիտում article-date 20:28 02-03-2017

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն: Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում և Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, որտեղ ցուցադրված են Սիսի կաթողիկոսարանից փրկված եկեղեցական սպասքն ու մասունքները: Արամ Առաջինն ու Միքայել Մինասյանը միասին այցելել են Անթիլիասի Մայրավանքում տեղակայված Հայոց ցեղասպանության հուշարձան, որն առաջինն է աշխարհում: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է նաև Ջբեյլի Թռչնոց բույն որբանոցի ամենահին շենքերից մեկը, որտեղ 1915 թվականին հազարավոր հայ որբեր ապաստան են ստացել Մարիա Յակոբսենի և մյուս միսիոներների ջանքերով: Արամ Առաջինի նախաձեռնությամբ շենքն արդեն երկրորդ տարին է՝ թանգարանի է վերածվել: «Ես վերհիշեցի Ցեղասպանության ողջ պատմությունը, այն վերապրած մանուկների ճակատագրերը: Չեմ կարող չհիշել Մարիա Յակոբսենին. մի կնոջ, ով իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին: Նա սովորել է հայերեն, որպեսզի հայ մանուկների հետ խոսի իրենց մայրերի լեզվով: Ես վստահ եմ, որ թանգարանի այցելուներն այստեղից դուրս են գալու դրական տպավորություններով ու գաղափարներով»,-թանգարանում լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մինասյանը: Նշենք, որ թանգարանի վերածված որբանոցի շենքում փրկված որբերի պատմություններ, բացառիկ արխիվային փաստաթղթեր և չհրապարակված նյութեր են պահպանվում:

Նմանատիպ նյութեր