211652_close_icon
views-count3281 դիտում article-date 12:35 19-03-2017

Այսօր Մեծ պահքի Տնտեսի կիրակին է

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի հարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին, պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է: Պահքը մարդուն որևէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչև որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: [b]Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը և սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:[/b]

Նմանատիպ նյութեր