211652_close_icon
views-count4965 դիտում article-date 17:38 19-03-2017

Պարտադիր բժշկական ապահովագրություն. ե՞րբ կներդրվի Հայաստանում

«Միասին վերացնենք տուբերկուլոզը» թեմայով Աղվերանում կազմակերպված իրազեկման դասընթացների շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Ի պատասխան այն հարցերի, թե ի՞նչ քայլեր են արվում երկրում պարտադիր ապահովագրություն ներդնելու ուղղությամբ, երբ կներդրվի այն և որքա՞ն ներդրում է պահանջվում՝ նախարարը նշեց, որ մինչև հունիսի կեսը կառավարության քննարկմանը կներկայացվի համապատասխան փաթեթ։ Դրանում կնկարագրվի նախարարության տեսլականը առողջապահության ֆինանսավորման, բյուջեի ձևավորման մասին։ Նախատեսվում է 2022-2025թթ. առողջապահության բյուջեն մեծացնել 4-5 անգամ՝ դարձնելով 305մլրդ ՀՀ դրամ։ «Այս նախագիծն իրատեսական է, մի քիչ ավելի խորն ու մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելուց հետո այն կներկայացնենք հանրությանը»,­ասաց Լևոն Ալթունյանը։ Նշվեց, որ եթե առողջապահության բյուջեն այժմ 85մլրդ ՀՀ դրամ է, ապա 2022-2025թթ. կդառնա մոտ 100մլրդ ՀՀ դրամ։ Մնացած ավելի քան 200մլրդը նախատեսվում է ավելացնել այլ աղբյուրներից՝ ապահովագրական վճարներից, դրսի ներդրումներից, բժշկական տուրիզմից, ինչպես նաև ծխախոտի թանկացումից ձևավորված գումարներով։ Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, ապա նախատեսվում է 2017թ. ապահովագրական դաշտ վերադարձնել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչը՝ հաշվի առնելով, որ պետական կառավարման ներքո այդ փաթեթի գումարներն ավարտվում էին հոկտեմբեր­նոյեմբեր ամիսներին։ «Այդ 90 հազար շահառուից հետո նույն ճանապարհով կգնան մյուս խմբերը», ­ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ինչպես արդեն բազմիցս նշվել է, աշխատանքներ են տարվում 2017թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ապահովագրական փաթեթ տրամադրել ևս 600 հազար բնակչի։ Նրանք «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներն են, ովքեր այժմ օգտվում են պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական ծառայություններից։ «Սրա հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բժշկական պարտադիր ապահովագրությունը և բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքացիների համար»,­ընդգծեց Լևոն Ալթունյանը։ Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի ևս։

Նմանատիպ նյութեր