1656 դիտում
14:10 21-03-2017
ԱԺ նախագահն ընդունել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորին
Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային:
Ողջունելով տիկին Ռուսեցկայային ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամության դերը միջմշակութային եւ կրթական համագործակցության բնագավառներում: ԱԺ նախագահը փաստել է. «Հզոր է այն պետությունը, որտեղ բարձր է կրթական մակարդակը, եւ ստեղծված են բոլոր պայմանները կրթության զարգացման համար»:
Անդրադառնալով մեր երկրում կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ամեն տարի հայ շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են աշխարհի լավագույն տասնյակում գտնվող բուհեր, այդ թվում՝ Ռուսաստանի: Դա կրթական առաջընթացի վառ վկայությունն է:
Որպես Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում եւ կարծիք հայտնել, որ այն իրավամբ կարող է ճանաչվել տարածաշրջանում լավագույններից մեկը: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջեւ համագործակցությունը կկայանա՝ նպաստելով հայ մասնագետների կատարելագործմանը: ԱԺ նախագահը նշել է, որ կրթության բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները մշտապես իր ուշադրության կենտրոնում են, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթական ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացմանը:
Մարգարիտա Ռուսեցկայան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել հիսունամյա պատմություն ունեցող ինստիտուտի գործունեությունը, հետագա ծրագրերը եւ Հայաստանի հետ կապված նախաձեռնությունները:
Տիկին Ռուսեցկայան կարեւորել է համագործակցությունը մանկավարժական համալսարանի հետ՝ ընդգծելով, որ շատ են անելիքները հայ մանկավարժների վերապատրաստման, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի հետ կապված: Մարգարիտա Ռուսեցկայան անդրադարձել է երկու տարի առաջ մեկնարկած «Ռուսաստանի դեսպաններ» ծրագրին, որը հաջողությամբ իրականացվել է նաեւ Հայաստանում եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:
Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորը նշել է, որ աշխարհի շուրջ 190 երկրներից, այդ թվում Հայաստանից ինստիտուտն ունի բազմաթիվ ուսանողներ, ովքեր սովորում են հեռակա ուսուցմամբ:
Տիկին Ռուսեցկայան նշել է, որ ինչպես միշտ, այսօր էլ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ եւ ժամանակն է ձեռնարկել որոշակի քայլեր՝ ռուսաց լեզվի մասնագետների համար կրթական կենտրոն բացելու ուղղությամբ, որպեսզի կրթական ծրագրերը, դասագրքերը եւ վերապատրաստվելու հնարավորությունն ավելի հասանելի լինի նաեւ հայ մասնագետներին:
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
13:30 09-10-2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին