6040 դիտում
08:43 02-04-2017
Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ, ժամը 08-ին բացվել են հանրապետության բոլոր 2009 ընտրական տեղամասերը և տրվել է քվեարկության մեկնարկը
Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Առավոտյան ժամը 8-ին բացվել են հանրապետության բոլոր 2009 ընտրական տեղամասերը և տրվել է քվեարկության մեկնարկը։
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: «ԵԼՔ» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են, որով Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելի: Այսինքն՝ երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, իսկ 2018թ. գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի արդեն 2017թ․ ձևավորված խորհրդարանը, նորընտիր նախագահն իր հերթին անհապաղ կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին:
2017թ․ 6-րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորվելու է միայն համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից՝ համապետական կամ տարածքային:
Նոր Ընտրական օրենսգրքով՝ կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։
Ընտրական նոր փոփոխություններով՝ փոփոխություն է կատարվել քվեարկության կարգում: Այսպես. ընտրողին տրամադրվում է 1 ծրար և 9 քվեաթերթիկ՝ ԱԺ ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերի թվով։
Հայաստանի ընտրողների քանակը, ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզային վարչության վերջին տվյալների, 2,564,195 մարդ է:
Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պետք է տեղ ունենան նաև ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: ԿԸՀ-ն հրապարակել է նաև այդ ցանկը, ըստ որի՝ ՀՀ-ում բնակվում է 35 հազար 308 եզդի, 11 հազար 911 ռուս, 2769 ասորի, 2 հազար 162 քուրդ:
Նշենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար հայտ է ներկայացրել 49 հասարակական կազմակերպություն և 28 հազար 21 դիտորդ:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական հանձնաժողով դիմում է ներկայացրել օտարերկրյա 31 լրատվամիջոց, այս թվում՝ ռուսական «Ռոսսիյա սեգոդնյա», «Ռոսսիյա-24»-ը, ռուսաստանյան Առաջին ալիքը, «Քուրդիստան 24» հեռուստաընկերությունները, ԲԻ-Բի-Սի-ն, ՏԱՍՍ-ը, «Ասոշիյթեդ պրես»-ը, Դանիայի հանրային ռադիոն, «Ռոյթերս»-ը և այլն:
Նմանատիպ նյութեր
3249 դիտում
09:46 25-09-2022
Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ