211652_close_icon
views-count3585 դիտում article-date 11:42 03-04-2017

ՀՀ և ՌԴ նախագահները ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ այս նշանակալի իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքը: Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ: Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով: Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը: Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում: Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր