211652_close_icon
views-count5810 դիտում article-date 22:24 07-04-2017

Ռիգայի մայր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակներում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ և լատվիացի հասարակական գործիչներ: Համերգի բացմանը ելույթ ունեցան Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Դեսպան Մկրտչյանն իր ելույթում խոսեց Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» ստեղծագործության մասին՝ նշելով, որ 2015թ․ Սուրբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչում։ «Երկու օր առաջ տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը, որին հետևեց միջնադարյան հայկական եկեղեցիների ֆոտո ցուցահանդեսը: Մյուս օրը մեկնարկեց միջազգային գիտաժողովը, որտեղ Գրիգոր Նարեկացու աշխատանքը ներկայացվում է որպես Արևելքի և Արմուտքի միջև կամուրջ: Այսօր Գրիգոր Նարեկացուն նվիրված այս հրաշալի, շատ առումներով աննախադեպ համերգի ականատեսն ենք՝ որպես Լատվիայում հայկական մշակույթի օրերի ամփոփում։ Բոլոր այս միջոցառումների միջոցով նպատակ ունենք ներկայացնելու հայկական մշակույթի ունեցած ավանդը համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ», - իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։ Համերգին կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ և այլք: Տեղեկանք․ Լատվիայում հայկական մշակույթին նվիրված շաբաթն ամփոփվեց ապրիլի 7-ին Լատվիայի համալսարանում ՀՀ դեսպանություն կողմից կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության արտահայտությունը Եղիշե Չարենցի ժառանգությունում թեմայով դասախոսությամբ, որի բանախոսն էր Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր Թեո վան Լինտը։

Նմանատիպ նյութեր