211652_close_icon
views-count3044 դիտում article-date 15:50 13-04-2017

Ոսկեգործության ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ. նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում հանդիպել է ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ։ Սուրեն Կարայանի խոսքով՝ հերթական հանդիպումն առիթ է՝ քննարկելու, թե ինչպես են համագործակցելու պետությունը և մասնավոր հատվածը, ինչ ճանապարհով են առաջ շարժվելու ոսկեգործության ոլորտը զարգացնելու համար։ Սուրեն Կարայանը տնտեսվարողներից յուրաքանչյուրին առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները։ Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել առաջնահերթ հարցերը, որոնք հիմնականում առնչվում էին հայկական դրոշմավորման խնդիրներին, նոր շուկաների գրավմանը և մաքսային ընթացակարգերի դյուրացմանը։ Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել ոսկեգործության ոլորտի տնտեսվարողների համար «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը օդանավակայաններում, ինչը կարող է էականորեն հեշտացնել վերջիններիս գործունեությունը։ Ոլորտի ներկայացուցիչների հետ արծարծվել է նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների հարցը՝ քննարկելով, թե դրանցից որոնք են ամենաարդյունավետ տարբերակները հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար։ «Agobian Jewelry» ընկերության տնօրեն Սիմոն Կաֆալյանն իր խոսքում նշել է․ «Սա մեր երրորդ կամ չորրորդ հանդիպումն է՝առաջինը չէ։ Ամեն անգամ, որ մենք հանդիպում ենք, շատ բան արդեն փոխվում է։ Իսկ «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը իսկապես կարող է շատ օգնել»։ Սիմոն Կաֆալյանը տեղեկացրել է, որ այս տարի կմեծացնեն իրենց արտադրանքի ծավալները։

Նմանատիպ նյութեր