211652_close_icon
views-count14811 դիտում article-date 15:58 18-04-2017

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում

Հայաստան այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանահատման գործընթացը դարձնել սահուն, բիզնեսի համար ստեղծել առավելագույն հարմարավետ միջավայր. ամիսներ առաջ տրված հանձնարարականների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում: Նա շրջել է արդիականացված անցակետում, հետևել մաքսային ծառայողների աշխատանքին, գործառույթների արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին: Կոմիտեի ղեկավարը նկատել է, որ սպասարկումը դարձել է պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց. «Սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում»: Բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու և գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում ևս կրճատվել է ընթացակարգի տևողությունը: Ըստ Բագրատաշենի մաքսային կետի պետ Սողոմ Մելիքսեթյանի, ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացն այժմ տևում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: «Օրական սպասարկում ենք 6000-8000 քաղաքացու և 2000-2500 ավտոտրանսպորտային միջոցի: Մեկ բեռնատարի զննումն իրականացվում է 10-12 րոպեի ընթացքում՝ 20-25 րոպեի փոխարեն»: Կոմիտեի ղեկավարը նոր հանձնարարականներ է տվել՝ վստահեցնելով, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ՝ կարճ ժամանակահատվածում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները: «Կառավարության կողմից Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Ներկայացրել ենք բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, ինչը 6 ամիսների ձեռքբերումների շարունակությունն է: Հավաստիացնում եմ, որ այն ևս ժամանակին և որակյալ կիրականացվի»,-շեշտել է Վարդան Հարությունյանը: Բագրատաշենի արդիականացված անցակետում կարևոր տեղ ունի նաև կանաչապատումը. կոմիտեի նախագահը ևս մասնակցել է գարնանային ծառատունկին:

Նմանատիպ նյութեր