211652_close_icon
views-count4648 դիտում article-date 18:32 16-05-2017

Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցած եզրափակիչ խաղում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել է առաջին տեղը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր եզրափակիչ հանդիպման ժամանակ մեր թիմը հանդիպել է ՌԴ Պյատիգորսկի թիմի հետ և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Մեր թղթակցի հետ զրույցում, Արցախի թիմի ղեկավար Կարեն Վանյանը նշել է, որ մրցաշարի ընթացքում մեր տղաները խփել են 23 և բաց թողել ընդամենը 1 գնդակ՝ ճանաչվելով որպես լավագույն թիմ: Բացի դրանից, Արցախի թիմից մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) և լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էին 9 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։ Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի: [url=https://artsakhpress.am/arm/news/66574/arcakhi-futboli-veteranneri-havaqakany-mijazgayin-mrcasharum-gravel-e-arajin-texy.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր