211652_close_icon
views-count2463 դիտում article-date 12:30 21-05-2017

Կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցրած ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է: Այսպես, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի համաձայն, ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականից չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է իր կողմից սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտների աշխատողների չգրանցված լինելու փաստը: Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում 17.05.2017թ.-ին ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ հիշյալ տեսուչը պարբերաբար կաշառք է ստացել հացի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ա. Մ.-ից` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Թ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 311-րդ հոդվածի 2-րդ մասերով: Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Թ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր