4622 դիտում
11:20 25-05-2017
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև ծեծկռտուքից տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածների թվում էր նաև ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, որը ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ»,- Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև միջադեպի ընթացքում տուժածներից մեկն է:
«Ամերիկայի Ձայն»-ին Լյուսին համաձայնվել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի և դրան նախորդած բոլոր մանրամասները.
«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջև, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:
Սպիտակ տան առջև ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ.
«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջև և բնականաբար որևիցե կերպ չէինք սադրում»:
ԱՄՆ-ի հայ, քուրդ և եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջևի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջև բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջևից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:
«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արևային ակնոցներով և զինվորական կոշիկներով»:
Լյուսի Ուսոյանի խոսքով, այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ և սկսեցին հարվածել: Տեսագրության վրա երևում է՝ ինչպես են մի քանի տղամարդ հարվածում գետնին ընկած կարմիր վարտիքով Լյուսիին.
«Հանկարծ ես գետնին հայտնվեցի, չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, և հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետև գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն է ինձ օգնեց ոտքի կանգնել, և ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ, մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:
Հարվածներից Լյուսի Ուսոյանը տրավմատիկ ուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն, ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ:
«Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, տեսագրության վրա երևում է, ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»:
Ուսոյանի խոսքով, ցուցարարները որևէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում.
«Մի գուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն, մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է և անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»:
Շատերի նման, Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում.
«Մեր համոզմամբ, ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, և անպատասխան մնալ»:
Էրդողանի դեմ բողոքի ցույցի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչում.
«Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ, և որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել»:
Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից, սակայն Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամներ, որոնցից մեկն էր նաև քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը.
«Մենք, բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի, արդարություն և Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»:
Աղբյուրը՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3869991.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
10779 դիտում
10:02 20-07-2017
«Չենք լռելու». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքի ցույց է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
96676 դիտում
00:09 01-05-2017
Մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»