211652_close_icon
views-count4155 դիտում article-date 15:32 01-06-2017

Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել ուրեմն: Հետևեք հիմա՝ մաքսիմալ ամեն ինչը կարգավորենք. վարչապետը՝ նախարարին

Կառավարության հերթական նիստին այսօր Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի` դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով մինչև 5.000.000 լիտր դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով և ծրագիրն իրականացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է մրցույթ: Մրցույթի արդյունքում հաղթել է «Մաքսհուր» ՍՊԸ-ն, որը առաջարկել է դիզելային վառելիք մատակարարել 1 լիտրը 314.3 դրամով։ «Արդյունքում մենք կպահպանենք նախորդ տարվա սուբսիդավորված դիզելային վառելիքի գինը և կտնտեսենք 159 միլիոն դրամ գումար բյուջեով նախատեսված 330 միլիոն դրամից, մոտ կեսը»,- ասաց գյուղատնտեսության նախարարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ուշացրե՞լ են այս հարցը։ Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ուշացրել ենք, որովհետև սկզբից մտածում էինք, որ միգուցե ծրագիրն իմաստ չունի իրականացնել, սակայն..»: Վարչապետը ընդհատեց նրան և հարցրեց, թե դա գործերին խանգարո՞ւմ է, իսկ նախարարն ասաց, որ իրականում գարնանացանի աշխատանքներին ուշացրել են: «Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել ուրեմն: Հետևեք հիմա՝ մաքսիմալ ամեն ինչը կարգավորենք»,-հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր