211652_close_icon
views-count2003 դիտում article-date 16:59 20-06-2017

Ըստ հաղորդումների` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք խոշտանգել են քաղաքացիներին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա: Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.-ին: Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խոշտանգման փաստով մյուս դեպքը հարուցվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 10.06.2017թ.-ին` դատարանում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը: Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր