211652_close_icon
views-count3965 դիտում article-date 16:59 26-06-2017

ՁԻԱՀ-ի մեր կենտրոնը` «Նորարարություն և գերազանց որակ առողջապահական ծառայությունների տրամադրման գործում» մրցանակի հաղթող

Հաագայում տեղի ունեցած ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը մասնակցել է կազմակերպված «Ինչպե՞ս խթանել նորարարությունները պետական ծառայության ոլորտում» խորագով նախարարական զրույցին: Ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել առցանց հարցեր ուղղելու նախարարական զրույցի մասնակիցներին: Հարցերը վերաբերել են պետական կառավարման արդյունավետության բարձրացման ուղիներին և այլ երկրների փորձի տեղայնացման հնարավորությանը: Պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ Սամվել Մարգարյանը նշել է, որ ցանկացած նորարարություն չի բացառում սխալվելու հավանականությունը, և որ Ֆորումը լավ հարթակ է փորձի փոխանակման և հնարավոր սխալներից խուսափելու համար։ Մասնավորապես՝ առողջապահական էլեկտրոնային համակարգին անցնող Հայաստանը կարևորել է այդ ոլորտում Իսլանդիայի ունեցած մեծ փորձը: Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Հայաստանն, իր հերթին, պատրաստ է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում ունեցած հաջողության փորձը փոխանցել այլ երկրների գործընկերներին: Ֆորումի և մրցանակաբաշխության շրջանակում կազմակերպված «Նորարարությունների տոնավաճառում» ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին տրամադրված առանձին տաղավարում ներկայացվել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում Հայաստանի փորձը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորոտում երկրի ձեռքբերումներն ու կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները: Ֆորումի ավարտին կայացել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից ամեն տարի հայտարարվող ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն։ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հաղթող է ճանաչվել «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում և զբաղեցրել առաջին տեղը։ Կազմակերպությանը հանձնվել է գավաթ և հավաստագիր պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելուն ուղղված ներդրման համար:

Նմանատիպ նյութեր