3715 դիտում
15:26 28-06-2017
Հայաստանյան «Մեկ պատուհան» համակարգը տպավորել է միջազգային փորձագետներին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4DIGITAL էլեկտրոնային առևտրի ցանցի երկրորդ աշխատաժողովին, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների խթանման ճանապարհային քարտեզը, որի շրջանակում 2018-2020թթ. ընթացքում մի շարք գործընթացներ կիրականացվեն:
Աշխատաժողովին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Անդրկովկասի հանրապետությունների պատվիրակությունները և փորձագետներ՝ Եվրոպական միությունից։
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) պորտալի աշխատանքը՝ մանրամասն անդրադառնալով ներդրված համակարգերի և բաղադրիչների հնարավորություններին, ինչպես նաև տվյալ ոլորտում Հայաստանի ձեռք բերած փորձին. «Զարգացած մաքսային համակարգ ունեցող երկրներում միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկայում Հայաստանը նույնպես միանա համաձայնագրին՝ իրականացնելու գրքույկների էլեկտրոնային փոխանակում»:
ՊԵԿ-ը մշակել է նաև նախնական հայտարարագրման համակարգ, որը դյուրացնում է ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային ծառայության աշխատանքը: «Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը:
Միքայել Փաշայանն ընգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի մաքսային ծառայության իրականացրած գործառույթները որևէ կերպ չեն սահմանափակում այլ երկրների ու միությունների հետ ՀՀ համագործակցությունը. «ՊԵԿ-ի մշակած տեղեկատվական շտեմարանները կառուցված են այն տեսքով, որ հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվություն փոխանակել ցանկացած երկրի հետ և դառնալ հյուսիս-հարավ ու հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ երկիր»:
EU4DIGITAL ցանցի համակարգող Վալերի Վիրկովսկին բարձր է գնահատել կարճ ժամանակում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ նշելով, որ նմանատիպ տնտեսություն ունեցող երկրների համար օգտակար կլինի ծանոթանալ և տեղայնացնել ՀՀ-ում կիրառվող մոտեցումներն ու լուծումները: Նա հայաստանյան օրինակը որակել է որպես արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվող գործընթացների օպտիմալացման լավագույն մոդել, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքները տվյալ ոլորտում՝ ընդլայնելով էլեկտրոնային եղանակով տրամադրվող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների շրջանակը:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է նաև մաքսային սահմանին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատաժողովին և ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում էր Թբիլիսիում:
Նմանատիպ նյութեր
4730 դիտում
15:20 11-10-2017
20 էլեկտրոնային համակարգ՝ մեկ հարթակում. ՊԵԿ-ը կատարելագործում է «մեկ պատուհան» սկզբունքի հայաստանյան ձևաչափը
1512 դիտում
16:25 24-10-2019
Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը
1481 դիտում
13:25 20-07-2021
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը կգործարկվի մինչև 2021 թվականի ավարտը. ՊԵԿ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»