211652_close_icon
views-count2797 դիտում article-date 13:32 10-07-2017

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը: Մասնավորապես, ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել: Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը: Այսպիսով, խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր