Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը կատարել է Մոցարտ և Բեթհավեն
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգն անկացվել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։
Այս փառատոնը ավելի քան 50 տարվա պատմություն ունի, և անցկացվում է 1258 թվականին հիմնադրված Chorin վանական համալիրում։ «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնը հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների և երաժշտախմբերի։
Հուլիսի 9-ի համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի 9-րդ կոնցերտը, Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան «Հերոսական»։ Որպես մենակատար հանդես է եկել գերմանացի դաշնակահար Մարտին Շթադֆելդը, որը բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում Echo Klassik մրցանակի քառակի դափնեկիր է։
Սա Սերգեյ Սմբատյանի և Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախմբի հետ առաջին համագործակցությունն է: