78920 դիտում
20:17 30-07-2017
Սևանի թերակղզում 22-ամյա վարորդը Nissan Armada-ով վրաերթի Է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Opel-ին ու հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Եփրեմյանը Սևանի թերակղզում իր վարած Nissan Armada մակնիշի 16 LL 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ Լևոն Աբրահամյանի կողմից շահագործվող Opel Astra մակնիշի 34 AN 662 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հոգին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկին հիվանդանոց է տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը, իսկ երկուսին հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև « Նաիրի Ինշուրանս » ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդ Խ. Եփրեմյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է 0.22 տոկոս ոգելից օգտագործած վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Խ. Եփրեմյանը Կոտայքի մարզի Սոլակի գյուղապետի եղբոր տղան է:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+