211652_close_icon
views-count3806 դիտում article-date 21:39 31-07-2017

Միացյալ Թագավորությունը աջակցելու է Հայաստանին կոռուպցիայի վերացման պայքարում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ: Դավիթ Հարությունյանը շնորհակալական խոսք է հայտնել ՄԹ դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար և նշել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից և դրանից բխող գործողություններն ընդգրկված են Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերը, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը և այլն: Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին հավելել է, որ այսպիսի նախաձեռնություններին աջակցելը համահունչ է Միացյալ Թագավորության՝ ժողովրդավարության, թափանցիկության և մարդու իրավունքների խթանման ռազմավարությանը։ Ուստի իրենք ողջունում են ՀՀ կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումը և հույս հայտնում, որ այս ծրագրի իրականացումը ևս կնպաստի նշված ոլորտում հաջողությունների արձանագրմանը։

Նմանատիպ նյութեր