3582 դիտում
10:55 11-08-2017
ՀՀ գյուղնախարարը հետևել է մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ` ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:
Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ` Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները:
Գյուղատնտեսության նախարարն այնուհետև այցելել է «Եվրոթերմ» ՓԲԸ: Գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գործարանը հիմնականում մասնագիտացած է պահածոների, մուրաբաների, խյուսերի և խտանյութերի արտադրության ոլորտում: Ընթացիկ տարում մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը:
Սեփական մշակովի տարածքների ոռոգման և արդյունավետության բարձրացման նպատակով 2014 թվականից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Գլխավոր տնօրենի խոսքով` առաջիկայում ընկերությունը մտադիր է օգտվել մթերումների դիմաց տրվող մատչելի վարկերի ծրագրից:
Անդրադառնալով արտադրանքի իրացմանը` Վահե Ղազարյանը նշել է, որ արտադրված հյութերի 60%-ը և մուրաբաների ու պահածոների 90%-ն արտահանվում են, հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է:
Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև Կոտայքի մարզի «Արտաշես» և «ՎՎՎ գրուպ» ՍՊԸ-ներում, շրջել և ծանոթացել ընկերությունների գործունեությանն ու արտադրատեսակներին:
Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ծրագրի կարևորությունը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը տեղեկացրել է, որ վերամշակող գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:
«Ընկերությունները տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին», - նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նշել է, որ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
19:38 07-09-2017
Քննարկվել են վերամշակող ընկերությունների կողմից ներկայացված մթերման վարկերի հայտերը
8521 դիտում
17:35 12-08-2017
Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան