211652_close_icon
views-count23159 դիտում article-date 02:14 14-08-2017

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» «Կամպ Նոույում» ծնկի բերեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»: Հանդիպման առաջին խաղակեսը անցավ գրեթե առանց վտանգավոր պահերի և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը՝ իհարկե, երկրպագուների սրտով չէր: Սակայն երկրորդ խաղակեսը արդեն իսկական սուպերկլասիկոյի սցենարով ընթացավ: Նույն հանգիստ տեմպով էր ընթանում խաղը, մինչև այն պահը, երբ 50-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն բավական գեղեցիկ ինքնագոլի հեղինակ դարձավ և «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ: Դրանից հետո կատալոնացիները մեծ ուժերով առաջ գնացին և տարածքային շոշափելի առավելություն ունեին, ստեղծեցին մի քանի գոլային պահ, բայց վստահ էին խաղում մրցակցի պաշտպանները և դարպասապահ Կեյլոր Նավասը: Իսկ հետո հանդիպման կենտրոնական ֆիգուրը դարձավ գլխավոր մրցավար, նախկինում նման կարգի խաղեր չսպասարկած, 31-ամյա Ռիկարդո Բենգոեչեան: Վերջինս 77-րդ րոպեին խիստ կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց «Ռեալի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Լիոնել Մեսին: Ընդամենը 3 րոպե անց փոխարինման դուրս եկած Կրիշտիանու Ռոնալդուն գերազանց գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով մրցակցի դարպասի հեռավոր անկյունը: Այս գոլից հետո Ռոնալդուն հանեց մարզաշապիկը և դեղին քարտի արժանացավ: Երկու րոպե անց Ռոնալդուն «Բարսելոնայի» տուգանային հրապարակում գնդակի համար պայքարում վայր ընկավ, մրցավարը դա համարեց սիմուլյացիա, երկրորդ դեղին քարտը ցույց տվեց պորտուգալացուն և հեռացրեց դաշտից: Սակայն նույնիսկ 10 հոգով մնալով, «Ռեալը» կարողացավ ոչ միայն պահպանել հաշիվը, այլ նաև երրորդ գնդակն ուղարկել Տեր-Շտեգենի պաշտպանած դարպասը. ոչ պակաս հրաշալի գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն՝ 3:1: «Ռեալը» համոզիչ հաղթանակ տարավ և գործնականում լուծեց հաղթողի հարցը: Պատասխան խաղում, որը կկայանա օգոստոսի 16-ին՝ Մադրիդում, կատալոնացիներին անհրաժեշտ է երեք անպատասխան գնդակ խփել «Ռեալին», ինչը՝ այսօրվա պայմաններում, գրեթե անհնար է: Թեպետ, ֆուտբոլում անհնարին ոչինչ չի լինում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր