211652_close_icon
views-count13087 դիտում article-date 14:19 07-09-2017

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 7-ին, համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19-ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը: Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը: Այնուհետև օրենքով սահմանված կարգով Նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱԺ նախագահի շնորհավորանքը: Նախագահին օրհնանքի և բարեմաղթանքի խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը․ «Դուք ղեկավարում և պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի և երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»։ Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստին մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է․ «Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը: Անցած տարիների ընթացքում մենք իրականացրել և իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն։ Ապագայում նույնպես մենք ամեն ինչ անելու ենք հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար»։ Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ: «Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի հանդեպ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետեւողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են՝ քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու եւ մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»,- կարևորել է Աշոտ Ղուլյանը: Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և Կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր