469612 դիտում
13:33 14-09-2017
Կրակոցներ Երևանում. կա զոհ և վիրավոր. դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, Երևանի ոստիկանապետն ու 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կա վիրավոր, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի 1 ատրճանակ։
Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ է և չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն լինի և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069741/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։
Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։
Տեղում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, որտեղ հայտնաբերվել էր հրազեն և կային կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։
Կրակոցների հետքեր էին հայտանբերվել նաև սուպերմարկետի ապակիների վրա։
Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ սպանության վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանն ու Թումանյանի դատախազ Արմեն Շիրինյանը։
Տեղում աշխատում էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել էին ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները և նրան բերման էին ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։
Նա Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մի քանի անգամ կրակել էր իր զոհի վրա։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+