211652_close_icon
views-count8319 դիտում article-date 12:44 15-09-2017

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. «Ամերիկայի Ձայն»

«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «[url=https://www.amerikayidzayn.com/a/4029979.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ի հետ հեռախոսազրույցում ընդգծում է՝ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաեւ համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար. «Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առեւտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»: Համաձայնագիրը նաեւ նոր խթան կհանդիսանա Երեւանի եւ Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: Հենց այս հեռանկարը պատճառ դարձավ 2013-ին Մոսկվայի անհանգստության համար, որի արդյունքում չորս տարի առաջ տապալվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման հիմնական համաձայնագրի ստորագրումը, հիշեցնում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը. «Ռուսաստանն այն ժամանակ ի պատասխան բարձրացրել էր գազի գները, որոնք կրկին իջեցրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուց հետո, եւ սկսել էր Ադրբեջանի զինման լայնածավալ ծրագիր»: Այս անգամ սակայն համաձայնագիրը կարծես թե կստորագրվի, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, որոշ կարեւոր հարցերում Երեւանը կարող է մերժել Մոսկվայի հորդորները, ինչպես եղավ ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ սահմանադրական լեզու դարձնելու Ռուսաստանի ցանկությունը. «Ինձ ուրախացրեց, որ կան պահեր, որ մերոնք կարող են ասել՝ ոչ»: Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջեւ ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության եւ այլ գործընկերոջ միջեւ: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ»: Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման եւ օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ:

Նմանատիպ նյութեր