3645 դիտում
21:17 19-09-2017
Այսօր բոլորս միասին մեր մեծ տանն ենք՝ Երևանում, որը մեր երազանքների ամրոցն է ու, շատերիս համար պայծառ հուշերի մեր քաղաքը. Տարոն Մարգարյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 18-ին մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերծված կլոր սեղան-քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել են Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագիրը:
Ներկաներին ուղղված իր ելույթում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է.
«Արդեն 6-րդ անգամ համայն հայության սիրելի մայրաքաղաք Երևանում հայկական տարբեր համայնքների, թեմերի ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանում է հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող և բոլորիս հայրենանվեր ջանքերն ու գաղափարները համատեղելուն միտված Հայաստան-Սփյուռք համաժողովը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով ողջունում եմ բոլորիդ և ի սրտե ուրախ եմ, որ այսօր բոլորս միասին մեր մեծ տանն ենք՝ Երևանում, որը մեր երազանքների ամրոցն է ու, շատերիս համար, նաև պայծառ հուշերի մեր քաղաքը:
Այս համաժողովը տեղի է ունենում Երևանի 2800-ամյակի նախաշեմին, որը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու հոբելյանական տարվա ծրագրերը, դրանց իրականացման ճանապարհները, համատեղ անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև մեր մայրաքաղաքի ներկան ու ապագայի տեսլականը:
2800-ամյա Երևանն ունի ձևավորված ավանդույթներ ու ազգային դիմագիծ։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ են ժամանակակից դինամիկ քաղաքին բնորոշ հատկանիշները։ Կարծում եմ` ձեզանից շատերը նույնպես նկատել են, որ հատկապես վերջին տարիներին Երևանն աննախադեպ զարգացում է ապրել, վերափոխվել է՝ ներկայանալով հնարավորինս առաջադեմ, հյուրընկալ ու հարմարավետ։
Լինելով համայն հայության քաղաքական, հոգևոր, գիտակրթական, մշակութային, մարզական ու արտադրական կենտրոն, մայրաքաղաք Երևանը ստանձնել է նաև այդ բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը։
Եվ գաղտնիք չէ, որ ցանկացած լուրջ և ծանրակշիռ քայլ, բացի գեղեցիկ գաղափարներից, պահանջում է նաև լուրջ ներդրումներ։ Ըստ այդմ, մեզ համար գերակա ուղղություններից է ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը և այդ տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համայնք-մասնավոր հատված համագործակցությունն ու ընդլայնումը:
Մենք ուսումնասիրում և տեղայնացնում ենք միջազգային լավագույն փորձը, որի համար ստեղծել ենք «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Եվ այս հանձնաժողովում ներգրավել ենք ոլորտի լավագույն մասնագետներին ու միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին: Եվ արդեն այսօր Երևանն ունի ապագայի քաղաք դառնալու բոլոր հիմքերը։
Անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Բայց միևնույն ժամանակ բոլորս կարող ենք հպարտանալ մեր քաղաքի համատեղ ձեռքբերումներով, որոնք իրենց արտացոլումն են գտնում միջազգային հեղինակավոր վարկանշային աղյուսակներում և անվանակարգերում:
2014 թվականից ի վեր, էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով, Երևանը աշխարհի լավագույն քաղաքների հնգյակում է: 2016 թվականին անցկացված միջազգային ուսումնասիրության արդյունքներով էլ Երևանն աշխարհի 140 խոշոր քաղաքների շարքում 30-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ որպես անվտանգ քաղաք:
Ու ես վստա՛հ եմ, որ դեռ շատ ու շատ ոլորտներում է Երևանը առաջատար հորիզոնականներ զբաղեցնելու: Ըստ այդմ, մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ համայն հայության մայրաքաղաքը ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Ի դեպ, այս առումով մենք հաջորդ տարի ունենք հրաշալի մի հնարավորություն՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Առաջիկայում կստեղծվի նաև պետական հանձնաժողով, որը կուրվագծի տոնական միջոցառումների հանդիսավոր և պատշաճ անցկացման ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում է միջազգային 8 կազմակերպությունների, որոնց հետ ունի պայմանագրային լայն դաշտ և համատեղ իրականացվող տարբեր ծրագրեր: Այս համատեքստում լայնածավալ ծրագրեր են իրականացվում նաև քույր քաղաքների հետ: Եվ կարծում եմ՝ սա նույնպես նպաստելու է Երևանի հոբելյանական ծրագրերի պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Երևանը մեր ժողովրդի անցյալի, ներկայի և, իհարկե, ապագայի խորհրդանիշն է։ Վստա՛հ եմ, բոլորիս նպատակն է ունենալ ավելի զարգացած, ավելի առաջադեմ, ավելի հարմարավետ ու գեղեցիկ Երևան։
Կո՛չ եմ անում բոլորիդ, որ այն բոլոր քաղաքներում, որտեղ այսօր ապրում եք դուք, նախաձեռնեք ու կազմակերպեք Երևանին նվիրված միջոցառումներ, հանդիսություններ և ցուցահանդեսներ: Համոզվա՛ծ եմ, որ դա մեծապես կնպաստի մեր բոլորի մեծ տան, մեր սիրելի Երևանի ճանաչելիության բարձրացմանն ու շարունակական զարգացմանը» - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով իր հրավերն է հղել աշխարհասփյուռ բոլոր հայերին՝ մասնակցելու Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնական միջոցառումներին:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել են կլոր-սեղան քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Քննարկման ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրում բացված քաղաքամայր Երևանը ներկայացնող տաղավար և հետևել աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ տաղավարում ներկայացված են Երևանի զբուսաշրջային, ներդրումային, ինչպես նաև «խելացի քաղաք» և մի շարք այլ ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
4592 դիտում
14:08 18-08-2015
Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը. Տարոն Մարգարյան
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին