211652_close_icon
views-count5293 դիտում article-date 12:31 20-09-2017

«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը՝ ԶԼՄ-ներին կոչ անելով հաշմանդամություն ունեցող անձանց պահել իրենց ուշադրության կենտրոնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 19-ին «Հայելի» մամլո ակումբը հյուրընկալել էր «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթին և ծրագրի մասնակից հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների։ Քննարկման թեման սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով իրականացվող «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրն էր, որի շրջանակներում հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիներն, ապրելով մի հարկի տակ, ծանոթանում են արևելյան մարտարվեստների հիմունքներին, սովորում ինքնապաշտպանական հնարքներ, մասնակցում հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։ Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանը՝ ծրագրի նպատակն է կրթել, մարզել հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստել նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական վիճակի բարելավվմանը, ինքնավստահություն ներշնչել, վստահեցնել, որ նրանք ամեն ինչ կարող են անել, միայն պետք է հավատալ և աշխատել։ Ս. Հակոբյանն իր հիմնական գիտելիքները ձեռք է բերում ԱՄՆ-ից՝ ամերիկյան դպրոցը համարելով բավականին լուրջ և փորձառու, և շատ ուրախ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կարող է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել հայրենակիցներին։ Քանի որ «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով նմանատիպ ծրագիրն արդեն երկրորդ ագամ է իրականացվում Հայաստանում, ծրագրի ղեկավարը նշեց, որ ամեն անգամ ոլորտի խնդիրներն ուսումնասիրով՝ թեև տեսնում են ամեն տարի տեղի ունեցող փոփոխությունները, նկատում ձեռքբերումները, բայց, այնուամենայնիվ, մեր հասարակությունը փակ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթն իր հերթին նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը` ասելով, որ հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են գտնել իրենց տեղը հասարակության մեջ։ Նա նաև հայտնեց իր ուրախությունը, հանձին Սևակ Հակոբյանի, «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ հետ համագործակցելու համար։ Որպես հանդիպման նախաբան և վերջաբան՝ «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթը միաբերան կոչ արեցին հասարակությանը և մասնավորապես հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին իրենց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց խնդիրները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր