211652_close_icon
views-count1840 դիտում article-date 16:00 24-09-2017

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Բարձրաշնորհ Հայր Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի և Հայաստանի հետ վարժարանի կապերի պատասխանատու Ադրիանա Շուպարալյանի։ Նորին Սրբությունը, իր հայրապետական սերն ու օրհնությունը բերելով հայորդիներին, իր գնահատանքը փոխանցեց վարժարանի տնօրինությանը կրթօջախի սաների ուխտագնացությունը Մայր Հայաստան կազմակերպելու համար։ Վեհափառ Հայրապետը վերհիշեց Արգենտինա կատարած Հովվապետական ուղևորության ընթացքում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ ծառայության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման այցելությունները, որոնք ոչ միայն առիթ են ընձեռում Հայաստանից հեռու հասակ առնող հայորդիներին ճանաչելու իրենց հայրենիքը, այլև անջնջելի դրոշմ են թողնում պատանիների հոգում և ներշնչման աղբյուր դառնում հետագա ողջ կյանքի ընթացքում։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վարժարանում ուսանող օտարազգի աշակերտները ևս հարուստ տպավորություններով կվերադառնան Արգենտինա: Երիտասարդները նաև պատասխանեցին Ամենայն Հայոց Հայրապետի հարցումներին, որոնք վերաբերում էին իրենց վարժարանին և Հայաստան այցի տպավորություններին։ Իր հերթին Նորին Սրբությունն անհրաժեշտ լուսաբանություններ տվեց պատանիներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Հանդիպումից հետո հայորդիները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Սուրբ Պատարագի արարողությանը։

Նմանատիպ նյութեր