211652_close_icon
views-count3610 դիտում article-date 21:41 26-09-2017

Նախագահը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին: Միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ` հայ ավանդական երաժշտության և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծավալած գործունեության մասին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հետո շնորհանդեսն ավարտվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ «Ժամագրքից» և «Պատարագից» հատվածների ներկայացմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր