211652_close_icon
views-count5841 դիտում article-date 18:30 28-09-2017

Հրաչյա Ռոստոմյան. Հաջողության չհասած մարզիկները կզորակոչվեն բանակ

«Շնորհավորում եմ բոլորիս Լևոն Արոնյանի հիանալի հաղթանակի կապակցությամբ: ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Հույս ունեմ՝ ի վերջո Լևոնը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին. «Մեր թիրախային խնդիրներից մեկը եղել է սպորտի մասսայակայանցումը, որին ուղղված ծրագրերին մասնակցողների թիվը մոտ երկու անգամ աճել է: Բացօթյա մարզումներ ենք անցկացնում Երևանում,Աբովյանում, Հրազդանում, Գյումրիում: Չինաստանի դեսպանատան հետ համատեղ Վանաձորում ավարտել ենք մարզահրապարակի կառուցումը: Մինչև տարեվերջ երկու քաղաքում պատրաստ կլինեն սպորտային հրապարակները: Այս տարի բացվեցին Օլիմպավանի լողավազանը և խաղային երկու դահլիճները: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որից 615-ը կատարել ենք ամբողջությամբ և որակով, իսկ մյուսներն ընթացքի մեջ են: Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, դեռևս առկա են 2008 և 2012 թթ. օլիմպիական խաղերում ծանրորդների դոպինգի օգտագործման պատճառով առաջացած խնդիրները. «2012 թվականից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ստեղծվեց հակադոպինգային կենտրոն, որն այսօր Արևելյան Եվրոպայի առաջատար կազմակերպություններից է: 2013 թ-ից սկսած մեր բոլոր առաջատար մարզիկների մոտ դոպինգ թեստերը դրական արդյունք չեն տվել: Սպասում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին, որտեղ քննարկվելու է այս տարվա աշխարհի առաջնությունում նաև Հայաստանի մասնակցության հարցը: Այնպես որ, վտանգ դեռ կա»: Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ քննարկել են մարզիկների զինվորական ծառայության հարցն ու գտել տարբերակ. «Մարզիկները ստանալու են չորս տարվա տարկետում: Նրանք այդ ընթացքում պետք է ավելի լավ և նպատակաուղղված մարզվեն, կարողանան միջազգային հարթակներում մեդալներ նվաճել, որպեսզի տարկետման իրավունքը ևս չորս տարով երկարաձգվի: Այն մարզիկները, որոնք այդ ընթացքում չկարողանան մեդալ նվաճել, կամ Եվրոպայի առաջնություններում զբաղեցնել առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ: Օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները, աշխարհի չեմպիոնները, այսպես ասած, համարվում են որպես զինվոր, որոնք իրենց պարտքը հայրենիքի առջև կատարել են»: Նախարարը նշեց, որ շուտով կկարգավորվի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հարցը, որը վերանորոգման ենթակա չէ. «Կոսմետիկ նորոգումն անիմաստ է: Պետք է նոր կենտրոն կառուցել անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շուտով պատրաստ կլինի շինության գծագիրը, որը կներկայացվի ՀՀ նախագահին: Հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի կառուցումը», - տեղեկացրեց Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարի խոսքով, սխալ է այն կարծիքը, թե հայ մարզիկները փայլում են միայն մենապայքարային մարզաձևերում. «Իհարկե, Հայաստանում հնարավոր է զարգացնել խաղային մարզաձևերը: Պարզապես հարկավոր է սրտացավ վերաբերմունք և պրոֆեսիոնալ մոտեցում: Բասկետբոլի օրինակով մենք դա ապացուցեցինք: Պետք չէ ափսոսալ մարզչին վճարվող մեծ գումարը, քանի որ մարզչի դերը ահռելի է: Ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաներն այսօր գտնվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Հակառակ դեպքում մենք լուրջ խնդիրների առջև կկանգնեինք: Քանի դեռ կա Գագիկ Ծառուկյանը մեր ֆեդերացիաներն անտեր չեն մնա»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Նմանատիպ նյութեր