10567 դիտում
22:51 02-10-2017
Օֆշորի գործով մեղադրվող Աշոտ Սուքիասյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Օֆշորի գործով մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Նման վճիռ է կայացրել Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Դատարանը նաեւ վճռել է 8 մլրդ 519 մլն 412 հազար դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու՝ Վարդան Հայրապետյանի, 2 մլրդ 763 մլն դրամ՝ հօգուտ գործով տուժող Գագիկ Ղարիբյանի:
Իր վերջին խոսքում Աշոտ Սուքիասյանը նշել է, թե որեւէ հանցագործություն չի կատարել, իսկ գույքը Փայլակ Հայրապետյանն է հանձնել իրեն եւ խնդրել գրավադրել։
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:
Նմանատիպ նյութեր
5180 դիտում
12:03 02-04-2014
«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը 30 օրվա ընթացքում կլինի Հայաստանում
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից