95714 դիտում
12:33 03-10-2017
Նոր մանրամասներ՝ երեկ «Արմենիա» ԲԿ-ում հնչած կրակոցներից. ոստիկանները, Արթիկի գաղութի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, խափանել են ստահակների կողմից նախապես պլանավորված ծանր հանցագործությունը, քննությունը վարում են փորձառու քննիչները
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած սպանության փորձի և կրակոցների փաստով։
Այդ օրը, ժամը 16։20-ի սահմաններում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Մինասյանը 3-րդ հարկում գտնվող անոթային բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակում ապօրինի ձեռք բերված «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 37-ամյա Դավիթ Գալստյանը հարձակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության աշխատակից՝ 26-ամյա Հարություն Շ.-ի վրա, գողացել նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, որից հետո դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հարություն Շ-.ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է ստահակին և հիվանդանոցի մուտքի մոտ վնասազերծել է նրան, իսկ Դ. Գալստյանին վնասազերծելու ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակիցներ՝ 42-ամյա Արթուր Մ.-ն, 53-ամյա Աշոտ Ա.-ն և Բագրատ Ս.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Դ. Գալստյանը, ով 2011 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ քր.օր-ի 222 հոդվածի 1-ին մասի, 175 հոդվածի 3-րդ մասի, 35-175 հոդվածի 3-րդ մասի, 183 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, նախօրոք համաձայնության է եկել Վլադիմիր Մ.-ի հետ, որպեսզի կատարեն իր փախուստը, սակայն ոստիկանների, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների և հիվանդանոցում անվտանգության ծառայություն կատարող «Բրիգադ» ընկերության աշխատակիցների կողմից կանխվել է։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Հեքիլյանը։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալներ Սամվել Տոնոյանը, Վաղինակ Ջանազյանը։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 2 պահեստատուփ՝ փամփուշտներով լիցքավորված, գաղտնի փականով դանակ, կռփազենք, կրակված պարկուճներ, ինքնաձիգի խլացուցիչ, ինչպես նաև օպտիկական նշանառության սարք (սնայպեր)։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մնոյանի որոշմամբ Վ. Մինասյանը ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/02/1078815/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս էր մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում էր ստանում կալանավորված մի քաղաքացի։
Այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց էր մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ էր արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։
ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողները, կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել էին վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել էր փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել էր հիվանդանոցում ծառայություն կատարող ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողների և «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: