211652_close_icon
views-count2570 դիտում article-date 17:33 04-10-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները: Ողջունելով հյուրին և ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը: Այս տեսանկյունից Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումը էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում: «Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Վալերի Յաշինն իր հերթին նշել է, որ ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:

Նմանատիպ նյութեր